ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. «Ալաշկերտ» թիմի կազմն է համալրել Հայաստանի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը: «Ալաշկերտի» նորեկն արդեն իր առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում:
25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Բելառուսի Բարձրագույն խմբում հանդես եկող «Տորպեդո-ԲելԱԶ»-ն էր, որի կազմում անցկացրած առաջնության 28 խաղում Հովհաննիսյանը դարձել էր 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: 1 գոլ էլ Կամոն հեղինակել է Բելառուսի գավաթի խաղարկության 3 հանդիպումներում:
Կամո Հովհաննիսյանը ճանաչվել է Բելառուսի նախորդ առաջնությունում «Տորպեդո-ԲելԱԶ»-ի լավագույն խաղացողը` թիմի երկրպագուների կարծիքով: 10 հանդիպումներում նա ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, 14 խաղերում հայտնվել է լավագույն եռյակում:
Պայմանագրի ժամկետի ավարտից հետո բելառուսական ակումբի ղեկավարությունը բարելավված պայմաններով համաձայնագիր չէր առաջարկել հայ ֆուտբոլիստին, ով նախընտրել է վերադառնալ հայրենիք և կարիերան շարունակել Հայաստանի չեմպիոնի կազմում:
Մինչև արտասահման տեղափոխվելը փորձառու կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկի» կազմում: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 157 հանդիպումներում Հովհաննիսյանը խփել է 28 գոլ, կատարել 19 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 36 խաղ է անցկացրել ազգային թիմի կազմում, 10 խաղ` երիտասարդական հավաքականի և 5 հանդիպում` Մ-19 հավաքականի կազմում: