ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է հոր՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհիվ, քաղաքապետարանի բյուջեն համալրելու և հարկահավաքության նոր մեթոդ է մտածել: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Երբ քաղաքում որևէ մարդ է մահանում, և հանգուցյալի հարազատները գնում են քաղաքապետարանի համապատասխան բաժին գերեզմանատեղ ստանալու համար, նրանցից պահանջում են, որ վճարվեն քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորությունները՝ հողի հարկը և գույքահարկը»,– նշված է հոդվածում:
«Բայց այդ մարդը մահացել է, ինչպես վճարի»,- հարազատների հարցին պատասխանում են. «Մեռած ա, բայց թաղած չի, այ երբ բոլոր հարկերը կվճարի, այն ժամանակ էլ կթաղվի»:
Թերթը գրում է, որ Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին էլ զբաղված է թաղման գործը կազմակերպելով, քանի որ նրան է պատկանում քաղաքային դիահերձարանը, թաղման բյուրոն իր բոլոր ծառայություններով՝ սկսած դագաղից մինչև սգո սրահ: