ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու Շատին գյուղում հունվարի 7-ին մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. 6 անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2018թ. հունվարի 7-ին, ժամը 16:15-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Դ.Մարտիրոսյանը:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դ.Մարտիրոսյանը նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը` Շատին գյուղի «Հոստուն» կոչվող թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ՝ պարզելու միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ 6 անձ ձերբակալվել է։
ԶԼՄ–ների տեղեկությամբ` են բողոքի ակցիաներ ու ծեծկռտուքներ են իրականացնում Շատինի նախկին համայնքապետ Սամվել Խուդոյանի կողմնակիցները։ Նրանք պահանջում են, որ համայնքապետի ընտրությունները չեղարկվեն:Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում խոշորացված Եղեգիս համայնքի համայնքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը:Եղեգիսի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր 4 թեկնածու: Շատինի նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանը ստացել է 1816 ձայն, Արմեն Սեդրակյանը՝ 15 ձայն, Մամիկոն Սմբատյանը`37 ձայն, իսկ Արթուր Ստեփանյանը ստացել է 1952 ձայն և ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: