ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուով, հայտնում է The Sun-ը:
Նորությունն այն մասին, որ հայ կիսապաշտպանին կփոխեն Միլանի կիսապաշպանով, կարծես իրականին մոտ է, անկախ նրանից, որ դեկտեմբերի 30-ին թիմի վերջին խաղի ժամանակ ՄԽիթարյանը դաշտ դուրս եկավ:
The Sun թերթի գնահատականի համաձայն` Մխիթարյանը ՄՅ հիմնական կազմում երկու ամսվա ընթացքում առաջին անգամ դուրս եկավ «Սաութհեմփթոնի» (0:0) դեմ խաղում, սակայն իր խաղով չտպավորեց և 65-րդ րոպեին փոխարինվեց:
«Մխիթարյանը կփոխարինվի, քանի որ չի կարողանում ցուցադրել իր ողջ ներուժը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո», — հայտնում է պարբերականը:
Անգլիական որոշ ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` հայ ֆուտբոլիստը դժգոհ է Մոուրինյոյի վերաբերմունքից և ցանկանում է «Բորուսիա» վերադառնալ:
28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվել է Միլանի «Ինտեր» ակումբը: Մոուրինյոյին իր հերթին հետաքրքրել է Միլանի ակումբի կիսապաշտպան Ժոաու Մարիուն և համաձայն է նրան փոխարինել Մխիթարյանով: Իր հայրենակցին Մոուրինյոն պատկերացնում է դաշտի կենտրոնում` որպես Մայքլ Կարիկին փոխարինող: Սպասվում է, որ վետարանը խաղաշրջանի ավարտին կավարտի իր կարիերան, և պորտուգալացի մասնագետը կարծում է, որ Ժոաու Մարիուն կարող է նրան փոխարինել:
Դեռևս «Ինտերի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև որևէ պաշտոնական բանակցություններ չեն ընթանում: Ակումբների ներկայացուցիչները քննարկում են միջնորդների օգնությամբ փոխանակման հնարավորությունը:
Ժոաու Մարիուն այս խաղաշրջանում հանդես չի գալիս «Ինտերի» հիմնական կազմում: Նա 11 խաղ է խաղացել Իտալիայի առաջնության ժամանակ: Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի կեսերին: «Ինտերը» պորտուգալացու տրանսֆերի դիմաց անցյալ տարվա ամռանը «Սպորտինգին» 40 մլն եվրո էր վճարել: