Նելլի Դանիելյան, Sputnik.
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այս Ամանորին Ձմեռ պապից լավ եղանակ է խնդրել։ Այս մասին նախարարը պատմեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Դատելով ջերմաստիճանի սանդղակից ու օդերևութաբանների կանխատեսումներից` նախարարի ցանկությունը Ձմեռ պապն արդեն իրականացրել է։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ Ձմեռ պապից հանգիստ է խնդրել։ Թե որքանով կիրականանա այս նախարարի ցանկությունը, պարզ կդառնա, թերևս, հունվարի 8-ից հետո, երբ Հայաստանում կավարտվեն տոնական հանգստյան օրերը։ Իսկ մինչ այդ Արմեն Ամիրյանը հանգստանալու մի քանի օր դեռ ունի։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն Ամանորի լավագույն նվերը համարում է ընտանիքի հետ անցկացրած ժամանակը։ Իսկ ձմեռ պապից մասնագիտական նվեր է ակնկալում։
«2018թ-ին ակնկալում եմ կայուն տնտեսական վիճակ մեր երկրում և զարգացմանը միտված մեխանիզմների գործարկում»,– ասում է Արամյանը։
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Ձմեռ պապից ակնկալիք չունի։ Վաղուց իր համար պարզել է, որ նա իրականում գոյություն չունի։ «Ցավոք, արդեն վաղուց ես եմ մեր ընտանիքի անդամների համար Ձմեռ պապին։ Բայց երեխաներս մեծանում են ու ավելի ռացիոնալ են դառնում։ Սա կլինի երևի վերջին տարին, որ նրանք դեռ մի քիչ հավատում են։ Հուսամ` չեն կարդա այս հարցազրույցը, որովհետև դեռ մի քիչ հավատում են, կամ ձև են անում, որ հավատում են»,– ասաց Աշոտյանը։
Ձմեռ պապին կատեգորիկ չի հավատում ու նրա հետ որևէ հույս չի կապում նաև Սպորտի ու երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
Իր գործընկերոջ այս դիրքորոշումը չի ընդունում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ «Ձմեռ Պապին ո՞նց կարող ես չհավատալ,– ասում է նա,– դրանք քո երազանքներն են, քո ցանկություններն են, քո նպատակներն են։ Իսկ նպատակներին չհավատալ հնարավոր չէ»։
Արծվիկ Մինասյանի հիմնական ակնկալիքը Հայաստանի ու Արցախի խաղաղությունն է։ Իսկ հայաստանցիների համար նախարարը Ձմեռ պապից կամք ու վճռականություն է խնդրում` Հայաստանն ավելի լավը դարձնելու համար։