ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. «Ընտանեկան բռնության օրենք» պայմանական անունը ստացած մի շարք օրենքներից բաղկացած փաթեթը 2018թ-ի հունվարից հետո օրենքի ուժ կստանա։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը ստորագրել է օրենքը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ նախագահն այսօր` դեկտեմբերի 30–ին, ստորագրել է հանրային բուռն քննարկման առիթ դարձած և ի վերջո ԱԺ-ի ընդունած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին», «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։
Նախագահը ստորագրել է նաև փաստաբանների դժգոհությունն առաջացրած, բայց ԱԺ-ի հաստատմանն արժանացած «Փաստաբանության մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը:
Հիշեցնենք, որ հանրային քննարկումների ընթացքում հասարակական որոշ կազմակերպություններ ու իրավաբաններ մտավախություն էին հայտնում, որ ընտանիքում բռնությունը կանխարգելելու փոխարեն օրենքն իրականում պետությանը հնարավորություն կընձեռի միջամտել ընտանիքի անձնական տիրույթ։
Բանն այն է, որ ըստ օրենքի`ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ բռնություն կիրառելու կամ դրա կասկածի դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու։ Օրինակ` ոստիկանը կարող է անձին ընտանիքից և բնակության վայրից հեռացնելու որոշում կայացնել` արգելով նրան հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքի անդամների հետ։
Տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էին դարձել նաև օրենքում առկա որոշ հասկացություններ։ Օրինակ` տնտեսական բռնությունն ու անտեսվածությունը, որոնք մասնագետների համոզմամբ, չափելի հասկացություններ չեն։
Հաջորդ մտավախությունը վերաբերում էր ապաստարանների խնդրին, որոնց փակ ու գաղտնի համակարգը ևս, ըստ վերլուծաբանների, կարող է չարաշահումների առիթ դառնալ։
Ինչ վերաբերում է «Փաստաբանության մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքին, «Փաստաբանների պալատի» գնահատմամբ, այն կարող է փաստաբանների գործունեության սահմանափակումների հիմք դառնալ։