ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. «Միսս Ամերիկա» ամենամյա մրցույթի ղեկավարությունը սեքս-սկանդալի պատճառով ստիպված է եղել հեռանալ աշխատանքից, հայտնում է Sputnik տեղեկատվական գործակալությունը։
Համացանցում է հայտնվել մրցույթի գործադիր տնօրեն Սեմ Հասքելի ու նրա գործընկերների անձնական նամակագրությունը։ Նրանք քննարկել են «Միսս Ամերիկա — 2013»-ի հաղթող Մելորի Հեյգանի անձնական կյանքը, քաշն ու նրա հետ կապված այլ թեմաներ։
Sputnik ռադիոյի եթերում Հեյգանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը։
«Գլխավոր տնօրենն ու նախագահը… քննարկում էին քաշս, սեռական կյանքս։ Նրանք ակնարկում էին, որ վեներական հիվանդություն ունեմ։ Մյուս մասնակիցներին արգելում էին ինձ հետ նկարվել, եթե պատահաբար հանդիպեն ինձ», — ասել է մոդելը։
Կազմակերպության տնօրեն Ջոշ Ռենդլը ներողություն է խնդրել 2013 թվականի հաղթողից։
«Ես ներողություն եմ խնդրում Մելորիից իմ սխալ դատողությունների համար։ Դրանք չեն արտացոլում այն համոզմունքներն ու արժեքները, որոնք ես առաջ էի մղում Miss America Organization ընկերությունում աշխատելու ժամանակ», — ասել է նա։
Միսս Ամերիկան (Miss America) ամենամյա գեղեցկության մրցույթ է, որի ընթացքում ընտրում են ԱՄՆ-ի ամենագեղեցիկ կնոջը։ «Միսս Ամերիկա» առաջին մրցույթը տեղի է ունեցել 1921 թվականի սեպտեմբերին Ատլանտիկ Սիթիում։ Հաղթող է ճանաչվել Մարգարետ Գորմանը։