ԵՐԵՎԱՆՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Երաժիշտ և բոդիբիլդեր Պավել Առաքելյանի անունն ընդգրկվել է Բելառուսի ամենացանկալի փեսացուների ցուցակում։ Այս մասին գրում է nina.nn.by-ն։
«Պավելը հայ է, մինչև 3 տարեկանն ապրել է Բաքվում, հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Բելառուս։ Նշենք, որ մեր երկիրը դրանից շատ բան է շահել։ Պավելը համարվում է Բելառուսի լավագույն սաքսոֆոնահարը, իսկ նրա մարզական կազմվածքը սև ու սպիտակ նախանձ է ծնում»,- գրում է հոդվածի հեղինակը։
Պավելի հաջողություններն անտարբեր չեն թողնում բելառուսցի կանանց։
«Այսօր Առաքելյան-սաքսոֆոնահարը (նա նաև ստեղնահար է, ֆլեյտահար ու կոմպոզիտոր) երկրորդ պլան է մղվել` առջևում թողնելով Առաքելյան-մարզչին ու բոդիբիլդերին։ Հնարավոր է` երբ բելառուսները զանգվածաբար տարվեն ջազով, երաժշտությունը կրկին առաջին տեղում հայտնվի Պավելի կյանքում»,- նշված է հոդվածում։
Հեղինակն ավելացնում է, որ այս հիասքանչ տղամարդը նաև շատ համեղ ուտեստներ է պատրաստում։
«Երազանք է, ոչ թե փեսացու»,- եզրակացնում է հոդվածագիրը։
Պավել Առաքելյանը ծնվել է 1985 թվականին Բաքվում, 1988-ին Մինսկ տեղափոխվելուց հետո երաժշտական կրթություն է ստացել Բելառուսում։ 2000 թվականին ընդունվել է Գլինկայի անվան երաժշտական ուսումնարանի սաքսոֆոնի բաժին, որն ավարտել է 2004 թվականին։