ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Հովհաննես Թումանյանի տուն» հայկական գիտամշակութային կենտրոնի ինտերիերը կնորացվի հայկական կողմի միջոցներով, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Թբիլիսիում «ՀայԱրՏուն» հայկական մշակույթի կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը։ Նա ներկա է եղել երկուշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` գիտամշակութային կենտրոն այցելությանը և հաղորդեց, որ ինտերիերի նորացման նախաձեռնության հեղինակը ՀՀ նախագահի կինն է` Ռիտա Սարգսյանը։
«Կենտրոնի կահույքն ամբողջությամբ կնորացվի և կհամապատասխանեցվի ինտերիերին, Թումանյանի տան ոգուն։ Տիկին Սարգսյանի նախաձեռնությունն էր, որին աջակցեց Հայաստանի նախագահը», — ասաց Չիդիլյանը։ Բացի այդ, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, Հայաստանի նախագահը կենտրոնին դաշնամուր է նվիրել։
Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը Թումանյանի տանը թեյ է խմել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Թեյախմությունը կազմակերպվել է հին թբիլիսյան ավանդույթներով` փախլավայով, Ջավախքի մեղրով, հայաբնակ Շուլավեր գյուղի հալվայով, ավանդական հայկական գաթայով և այլն։
Չիդիլյանի խոսքով` հայկական պատվիրակությունը հատուկ ուշադրություն է դարձրել Թումանյանի տան պատշգամբին, որը գրավել է իր գեղեցկությամբ։
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը Sputnik Արմենիային նույնպես պատմեց Սերժ Սարգսյանի` Թբիլիսի կատարած այցի մանրամասների մասին։
«Տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանն առաջին տիկնոջը «Ախթամար» լեգենդի հերոսի պատկերով տիկնիկ նվիրեց, որն ինքն էր պատրաստել», — ասաց նա։
Սերժ Սարգսյանն այցելել է նաև Սուրբ Գևորգ եկեղեցի։
Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը նրան պատմել է համայնքի կյանքի մասին։ Նրա խոսքով` Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հայերը կարողանան ուսումնասիրել իրենց լեզուն, մշակութային կենտրոններ և համայնքային կազմակերպություններ բացեն։
Վերջին տվյալներով` Վրաստանի հայ համայնքը հասնում է 55 հազարի։
Հայկական ժառանգության պահպանման և չձուլվելու գործում նրանց օգնում են «ՀայԱրՏուն» մշակութային-կրթական կենտրոնը, հայկական դպրոցները, տարբեր հասարակական կազմակերպություններն ու եկեղեցիները։