ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ԱԻՆ-ը 12 հայ ալպինիստի փրկարարի որակավորում է հանձնել, Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։
«Հայկական օրենսդրությունում բացակայում է «լեռնափրկարար» հասկացությունը, ուստի մեր վկայականներում ուղղակի նշված է «փրկարար»։ Սակայն ԱԻՆ-ը, համագործակցելով մեզ հետ, կիմանա, որ մենք հրդեհներ չենք մարում, այլ լեռներում մարդկանց ենք փրկում», — ասաց Դանիելյանը։
Նա ավելացրեց, որ Հայաստանի ԱԻՆ-ի «911» ծառայության հետ մշտական համագործակցության շրջանակում ստեղծվել է ֆեդերացիայի կամավորական թիմ։
«Ֆեդերացիայի անդամների փորձը, լեռներում կողմնորոշվելու կարողությունը, բնական արտակարգ պայմաններում աշխատանքի հմտությունները շատ կարևոր են լեռնափրկարարական աշխատանքների ժամանակ։ Մեր փրկարարները պատվով և մեծ պատասխանատվությամբ կատարում են իրենց աշխատանքը` օգնելով քաղաքացիներին դուրս գալ բարդ իրավիճակներից», — ասաց Դանիելյանը։
Լեռնափրկարարների շարքում են Սուրեն Դանիելյանը, Արտաշես Մկրտչյանը, Արտյոմ Մարտիրոսյանը, Սարիբեկ Մկրտչյանը, Գեղամ Ալոյանը, Լևոն Մովսիսյանը, Էդուարդ Սարգսյանը, Շուշան Ռուբենյանը, Սասուն Գիշյանը, Էդգար Նավասարդյանը, Տիգրան Շահբազյանը, Նարինե Ճաղարյանը:
ԱԻՆ-ը և ալպինիստները համատեղ ուժերով կարձագանքեն լեռներում արտակարգ պատահարներին` մշտապես կապի մեջ լինելով ուղեկցող էքսկուրսավարների հետ, որոնք խմբերին լեռներ են տանում։
Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 12 անդամներ այս տարվա նոյեմբերի 16-ին տեսական և ֆիզիկական պատրաստվածության քննություններ են հանձնել` Հայաստանի ԱԻՆ-ում լեռնափրկարարների որակավորման համար։ Իսկ դեկտեմբերին ստացել են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության որակավորում։