ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող Անդրեյ Մալախովի «Պրյամոյ էֆիր» հաղորդման ժամանակ վիճել է հայտնի պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնի հետ։ Վիճաբանությունը տեղի է ունեցել Վիտալինայի նախկին ներկայացուցիչ Էլինա Մազուրի` «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման շրջանակներում ասած սենսացիայի քննարկման ժամանակ, գրում է Аргументы.ру պարբերականը։
Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան ապշեցրել է հանդիսատեսին, երբ լեզվակռիվ է սկսել Ջիգարխանյանի ընկերոջ` պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնի հետ, այնուհետև ձեռք է բարձրացրել նրա վրա։
Ռուդինշտեյնը եկել էր «Պրյամոյ էֆիր», Վիտալինային անձամբ ասելու, որ նա ստոր խաբեբա է, առանց մի կոպեկի է թողել ծեր ընկերոջը, հանել է նրա հաշվից բոլոր գումարները։ Նա մի դրվագ է պատմել, երբ տեսախցիկը նկարահանել էր Վիտալինային բանկոմատի մոտ. Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան նրանից հանում էր 5000-անոց թղթադրամների մի մեծ կապոց։ «Անձամբ եմ տեսել…», – հայտնել է Մարկ Իսրայիլևիչը։
«Դուք այնտեղ` օդանավակայանում, հաստատ չեք եղել։ Դուք լսու՞մ եք ձեզ կողքից։ Դուք պարզապես ծիծաղելի տեսք ունեք։ Խայտառակում եք հրեա ժողովրդին», – ասել է նրան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը։
«Նա այդպես մեծ–մեծ չի խոսի, երբ նրան ձերբակալեն», – ասել է Ռուդինշտեյնը։
«Եվ սա ասում է մի մարդ, որը դեռ խորհրդային տարիներին ֆինանսական խարդախության համար դատապարտվել է… Այնուհետև կեղտ է լցնում այս երկրի նշանավոր դերասանների գլխին», – արդեն բղավելով ասաց Վիտալինան, վեր կացավ և ձեռքով հարվածեց պրոդյուսերի ճակատին։
Դահլիճում բոլորն ապշած էին ժողովրդական դերասանի նախկին կնոջ արարքից, որոշ փորձագետներ նշեցին. «Ահա սկսվեց, Վիտալինա», «Հավաքեք ձեզ, այս ինչ եք անում», «Նա ցույց տվեց իր իրական դեմքը»։
Մարկ Ռուդինշտեյնի խոսքով` Վիտալինային պետք է մեկուսացնել հասարակությունից։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ամանորի նախօրեին դաշնային ալիքներից մեկի եթերում տեղի կունենա Ջիգարխանյանի և Վիտալինայի հանդիպումը, որի ժամանակ նրանք կհաշտվեն։ Զույգին շրջապատող մարդիկ դեռ հերքում են այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Վիտալինայի դեմ քրեական գործ է հարուցվել, իսկ դեկտեմբերի 5-ին նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածի համաձայն (մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտում)։