ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Վիրտուոզ իտալացի ակորդեոնիստ ու բանդենեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա երևանյան հանդիսատեսի համար։
«Սիրում եմ Սուրբ ծնունդը ընտանիքիս` մորս, հորս, քրոջս, պապիս և մեր շան հետ անցկացնել, 26–ին էլ ծննդյանս օրն է։ Արդեն երկրորդ անգամ է, որ Սուրբ ծնունդն ու իմ ծննդյան օրն անցկացնում եմ Հայաստանում` հիանալի ընկերակցությամբ։ Նախընտրում եմ լինել ընտանիքիս կամ այլ մարդկանց հետ, որոնք ինձ սիրում են», – ասաց երաժիշտը։
Պիետրոդարկին խոստովանեց, որ Հայաստանի երիտասարդական նվագախումբը նրա վրա պարզապես ֆանտաստիկ տպավորություն է թողել։
Երեկ` դեկտեմբերի 25–ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հայտարարվել է, որ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սիմֆոնիկի կարգավիճակ է ստացել։
Ավելի վաղ օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ Պիետրոդարկին նշել էր, որ մեծ հաճույքով է Հայաստան գալիս ու սիրում է հայ հանդիսատեսին, Երիտասարդական նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին։
Երևանյան հանդիսատեսը վայելել է Աստոր Պիացոլայի, Տոմազո Զիլիանիի, Ռոբերտո դի Մարինոյի և այլ կատարումներ։ Համերգի ընթացքում հանդես է եկել նաև մեցցոսոպրանո Սոֆիա Թումանյանը։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 26–ին Ատեսայում` Ադրիատիկ ծովի ափին։ Նա առաջին անգամ ակորդեոն է տեսել տատի ու պապի տանը ինը տարեկանում, իսկ հաջորդ օրն արդեն իր համար ուսուցիչ է փնտրել։ Պիետրոդարկին ավարտել է Հռոմի Սանտա Չեչիլիա կոնսերվատորիան, Յուրի Շիշկինի կուրսը։ Նա բազմաթիվ մրցույթների դափնեկիր է։
2009 թվականի մայիսի 25–ին Կոլիզեյում ելույթ է ունեցել մաեստրո Անդրեա Բոչելիի հետ։ 2012 թվականին Աննա Նետրեբկոյի ու Էրվին Շրոտի հետ համերգներով հանդես է եկել Թագավորական Ալբերտ հոլում (Լոնդոն), Կոպենհագենում ու Գերմանիայի քաղաքներում։ Նա համերգներ է ունեցել բոլոր մայրցամաքներում։