ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Անցնող 2017 թվականը բեկումնային դարձավ Եվրոպական և Եվրասիական միությունների միջև երկխոսության առումով։ Այդ մասին բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ նախկին վարչապետը նշել է, որ անցնող տարում Ասիան առաջին անգամ ավելի շատ է արտահանում կատարել ԵԱՏՄ երկրներ, քան ԵՄ–ն։ Մասնակի պատժամիջոցների, սակայն, միևնույն ժամանակ, օբյեկտիվ տնտեսական միտումների պատճառով։
Այնուամենայնիվ, նրա խոսքով` անխուսափելի է նաև ԵՄ երկրների հետ աշխատանքի ընդլայնումը։ Առևտրի հեշտացման հարցում շահագրգռված է առաջին հերթին բիզնեսը։ Եվրոպական գործարար ասոցիացիաներն առաջին անգամ չէ, որ դիմում են այդ հարցով Եվրասիական հանձնաժողովին, նշել է նա։
«Եվրոպական բիզնեսը նույնպես ներկա է մեր շուկայում և շուկան կորցնել չի ցանկանում։ Այս համատեքստում 2017 թվականը կարևոր փուլ էր, երբ Եվրոպական միության կողմից մենք պատրաստակամություն տեսանք համագործակցության համար։ Կարելի է ասել` սառույցը տեղից շարժվել է։ Մենք արդեն աշխատում ենք մի շարք հարցերի ուղղությամբ։ Առաջինը հերթին դրանք վերաբերում են տեխնիկական կարգավորմանը, ստանդարտներին, իրավակիրառման պրակտիկային, առևտրային հարցերին, գնագոյացման ուսումնասիրություններին։ Համոզված եմ, որ ԵԱՏՄ–ի կայացման և ինտեգրացիայի խորացման հետ, այս երկխոսությունն ավելի համապարփակ կլինի», – հայտնել է նա։