ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. 2018 թվականին Եվրասիական միությունն ու Իրանը պատրաստվում են ժամանակավոր համաձայնագիր ստորագրել, որը կտանի դեպի ազատ առևտրի գոտի։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
Եվրասիական միության և Իրանի բանակցությունները (որը համակարգում է Հայաստանը) գրեթե ավարտին են հասցվել։ Կողմերն արդեն սկզբունքորեն պայմանավորվել են, թե որ ապրանքներն ավելի հեշտ հնարավոր կլինի անցկացնել մաքսակետով։
Եվրասիական երկրներն իրենց համար կոնկրետ ապրանքներ են «ամրագրել», Իրանը` ևս։ Սակայն համաձայնագիրը ներկայացնում է բոլոր կողմերի շահերը, ընդգծեց Ազիզյանը։
«Յուրաքանչյուր կողմից 500-600 ապրանք է ներկայացված։ Տարբեր տնտեսական շահեր կան այստեղ, այդ թվում` նաև Հայաստանի։ Իհարկե, ոչ ոք չի կարող 100% բավարարված լինել։ Սակայն եթե մենք ստորագրման ենք գնում, նշանակում է բոլորի համար բավարար լուծում է գտնվել», – հայտնեց նախարարի տեղակալը։
Սյունեցիք կսկսեն լավ ապրել. ում ինչ կտա Մեղրիի ազատ տնտեսական գոտի
Համաձայնագիրը կգործի երեք տարի, որի ընթացքում կողմերը պետք է բանակցություններ վարեն ազատ առևտրի վերաբերյալ լայնաֆորմատ համաձայնագիր կնքելու համար։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրներից Իրանի հետ առավել ակտիվ առևտուր է անում Հայաստանը։ Հանրապետության արտաքին առևտրում Իրանի մասնաբաժինը 4%–ից մի փոքր ավելի է կազմում, այն դեպքում, երբ Ղազախստանում շուրջ 0,7% է, իսկ Ռուսաստանում` շուրջ 0,5%։