ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Անցնող ամռանը անտառային տարածք գրեթե չմնաց, որ չտուժեց հրդեհից, այսօր ամփոփելով անցնող տարին` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Այդուհանդերձ, այն, ինչ տեղի ունեցավ այս տարի, կարող է կրկնվել նաև հետագայում։
«Կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում այսպիսի դեպքերը լինելու են, և մենք պետք է պատրաստված լինենք»,- ասաց Մինասյանը։
Իսկ պատրաստվելու համար նախարարությունը նախատեսում է առաջիկայում հատուկ պահպանվող տարածքներում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ արագ ահազանգող սարքավորումներ։ Սա, Արծվիկ Մինասյանի համոզմամբ, թույլ կտա պայքարել նաև որսագողերի դեմ։
Հաջորդ քայլը, նախարարի խոսքով, կարող է լինել առաջիկայում ստեղծվող անտառային պահպանության պետական ծառայությունը, որի աշխատակիցները, ի տարբերություն ներկայիս անտառապահների, ավելի մեծ իրավունք են ունենալու զենք կրելու և օգտագործելու։
Ինչ վերաբերում է Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում ամռանը բռնկված հրդեհին, Մինասյանը հայտնեց, որ նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, պատճառները բացահայտված չեն։
Այդուհանդերձ, բնապահպանության նախարարը վերահաստատեց նախկինում առաջ քաշած իր վարկածն այն մասին, որ հրդեհը բնական բռնկման հետևանք չէր։
«Մեկ անգամ ասել եմ, էլի եմ ասում՝ այդ օրը տվյալ տարածքում կայծակ չի եղել։ Իսկ թե ինչից է բռնկել հրդեհը, կպարզի քննությունը»,- ասաց Մինասյանը։
Մինչ այդ հայտնի են հրդեհի՝ անտառին պատճառած վնասները։ Կատարված ուսումնասիրությունների համաձայն` հրդեհն ընդգրկել է 2200 հա, որից 110-ը՝ շատ վառված, 1200-ը՝ միջին, 525-ը՝ քիչ։ 365 հա տարածք չէր այրվել։