ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի առաջին ալիքը Նոր տարվա օրերին կցուցադրի մի շոու, որի ժամանակ Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կվերամիավորվեն։ Ինչպես հայտնում է «Аргументы недели»-ն, համենայն դեպս այդ մասին վստահաբար խոսում են «Օստանկինոյի» կուլիսներում։
«Խոսակցություններ կան, որ պրոդյուսերները թեժ շոու են պատրաստում ամուսնական զույգի հաշտության մասին։ Այս մասին պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան»,- գրում է կայքը։
Լրագրողները նկատել են, որ հեռուստաալիքի տեղեկատվական պատերազմը, որն ուղղված էր Վիտալինայի դեմ, հետզհետե մարել է, իսկ որոշ ժամանակ անց բոլորովին այլ հուն մտել։ Այժմ դերասանի նախկին կնոջը ոչ թե որպես խարդախ են ներկայացնում, այլ հանգամանքների զոհ։
Վերջին կետը դարձավ Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը։ Վիտալինան իբր իր դյուրահավատության պատճառով հայտնվել է նենգ կնոջ ճիրանում։ Այժմ նախկին ընկերուհիները` Վիտալինան ու Էլինան, չեն շփվում։ Ընդ որում` վերջինի նախաձեռնությամբ։
Կայքը ենթադրում է, որ Առաջին ալիքի նախատոնական եթերում Ցիմբալյուկ-Ռոմանովկայան կներկայացվի որպես բարերար։ Հնարավոր է` նա, օրինակ, խոշոր գումար նվիրաբերի հայերի բարեգործական հիմնադրամներից որևէ մեկին, ինչից հետո ձեռքը կմեկնի Ջիգարխանյանին։
82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։
Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։
Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։
Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։