ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը միակ ֆուտբոլիստը չէ, որի գլխին է թափվել պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի զայրույթը, գրում է Sport.ru-ն։
«Նա միակ բարձրակարգ ֆուտբոլիստը չէ, որ սեփական մաշկի վրա զգացել է պորտուգալացի մարզչի ճնշման ամբողջ ծանրությունը։ Սա առաջին անգամը չէ Մխիթարյանի՝ թիմին միանալուց ի վեր։ Անցած խաղաշրջանում Մխիթարյանը կազմից դուրս է մնացել երկուսուկես ամիս «Մանչեսթեր Սիթիի» դեմ անհաջող խաղից հետո», — ասվում է հոդվածում։
Պորտուգալացուն այլևս պետք չեն նաև Քևին Դե Բրեյնին և Մեսութ Օզիլը։ Ջո Քոուլն ընդհանրապես քավության նոխազ է դարձել 10 տարի առաջ «Չելսիում»։ Մարզչի ցասումը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ատլետիկո Մադրիդից» «կապույտների» կրած պարտությունից հետո զգացել է նաև Էդեն Ազարը։
«Բոլոր վերոնշյալ օրինակները վկայում են «Յունայթեդի» շեֆի խանդոտ վերաբերմունքի մասին տաղանդավոր ֆուտբոլիստների նկատմամբ», — ասվում է հոդվածում։
Ինչպես նշում է պարբերականը, կիրակնօրյա խաղի ժամանակ կրեատիվ Մատայի և Մխիթարյանի բացակայությունը եղել է Մոուրինյոյի գլխավոր սխալը։
«M&M» զույգը հուսահատորեն դիտում էր, թե իրենց թիմն ինչ դատարկ տեսք ունի դաշտում։ Հիմա «Յունայթեդը» բարձրակարգ, կրեատիվ խաղացողի կարիք ունի՝ ավելի արդյունավետ հարձակողական խաղի համար։ Կայքի կարծիքով՝ այդպիսի խաղացող է Մխիթարյանը։