ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին Facebook սոցիալական ցանցում Հայաստանի լավագույն մարզիկի կոչմանն արժանանալու համար։
«Շատ հպարտ եմ, որ ինձ կրկին Հայաստանի տարվա ֆուտբոլիստ են ընտրել։ Շնորհակալություն ձեր սիրո և աջակցության համար»,- գրել է նա։
Նա նաև խոստովանել է, որ հայկական եռագույնը մշտապես ջերմացնում է իր հոգին, որտեղ էլ նա լինի։
«Հուսով եմ, որ 2018թ-ը բարգավաճման տարի կլինի մեր երկրի և ազգային թիմի համար»,- ընդգծել է ֆուտբոլիստը։
Նշենք, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները, և Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։