ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայի «Արարատի» նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «Լուչ ԷՆերգիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ կնշանակվի։ Այս մասին հայտնում է DVhab.ru-ն։
«Պայմանագրի ստորագրումը նախատեսված է առաջիկա օրերին»,- հայտնել է ակումբին մոտ կանգնած աղբյուրը։
Գրիգորյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս տեղեկությունը։
«Նման տարբերակ հնարավոր է, ամեն ինչ կորոշվի առաջիկայում։ Բայց ես դեռ «Լուչի» գլխավոր մարզիչը չեմ, թեև հաճույքով կաշխատեի այդ թիմի հետ»,- ասել է Գրիգորյանը։
Ալեքսանդր Գրիգորյանը լքել է «Արարատ» մոսկովյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը այս տարվա հոկտեմբերին։ Նա ավելի վաղ որակազրկվել է մրցակցի երկրպագուներին վիրավորական ժեստ ցույց տալու համար։
Գրիգորյանն «Արարատ» էր եկել Մախաչկալայի «Անժիից» այս տարվա օգոստոսի կեսին։