ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հավաքելով 190 միավոր` Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում:
Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է աշխարհում: Համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում եմ Մխիթարյանին՝ նշելով նաև Հայաստան անունը, և այս առումով ահռելի է Մխիթարյանի ավանդը աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժեքների հանրահռչակման գործում:
«Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում եմ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով` ցանկանում են շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ ծննդի կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի և ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաև բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար, և Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու», — Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ զրույցում նշել է Մխիթարյանը:
Ընդհանուր առմամբ, 39 քվեարկողներից 38-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:
35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որի անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:
25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որի անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում: