ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. 2018 թվականից Հայաստանում կսահմանափակվի հիփոթեքի համար նախատեսված եկամտահարկի վերադարձը։ «Հարկային օրենսգրքի» այս և այլ փոփոխություններն ԱԺ-ն այսօր ընդունեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ։
Այժմ նախատեսվում է Հայաստանի քաղաքացիների եկամտահարկից պահում կատարել նոր բնակարանի հիփոթեքի տոկոսների չափով։ 2018թ-ից եկամտահարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե շահառուն 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան է ձեռք բերում, և վարկառուն կամ համավարկառուն չունեն այլ սեփականություն:
2018 թվականի հունվարի 1-ից հետո ֆիզիկական անձինք եկամտահարկի վերադարձի հնարավորությունից կարող են օգտվել միայն մեկ անգամ։ Այսինքն հիփոթեքի հարցում եղբայրներին ու քույրերին հնարավոր կլինի օգնել ոչ թե պետության, այլ միայն սեփական փողերի հաշվին։
2018թ-ից փոփոխություններ կլինեն նաև հանրային սննդի ոլորտում։ Ռեստորանները և սրճարանները ֆիքսված վճարումներից (սեղաններով սրահի տարածքի համար) անցում կկատարեն շրջանառության հարկի։ 2018թ-ի հուլիսի 1-ից ռեստորանները կվճարեն եկամտի 8 տոկոսը, իսկ 2019թ-ից` 10 տոկոսը։
Մատակարարների հետ հաստատված գործարքների դեպքում (երկկողմանի հաշիվ-ապրանքագրով) հարկը կնվազի մինչև համապատասխանաբար 5 տոկոս և 6 տոկոս։
Քանի որ հարկը հիմա կախված կլինի նրանից, թե որքան և ինչ են կերել, ապա հարկային ծառայությունն ավելի ուշադիր կհետևի։
Ֆինանսների նախարարության եզրակացության համաձայն, փոքր ճաշարանների և ռեստորանների (տարեկան մինչև 50 մլն դրամ շրջանառություն) հարկային բեռը գրեթե չի բարձրանա։