ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. «Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին, կմեկնարկի արդեն ավանդական դարձած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի բաժինը։
Բարեգործական վազքարշավի նպատակն է աջակցել սիրիահայ ընտանիքներին օգնության տրամադրման ծրագրին: Ձմեռ պապի հանդերձանքով հարյուրավոր վազորդներ «Վազիր և օգնիր» կարգախոսի ներքո Երևանի կենտրոնական փողոցներով վազելով կանցնեն 5 կմ տարածություն:
Վազքարշավին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ երեխաները՝ միայն իրենց ծնողների հետ: Մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստներ:
Միջոցառման մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից:
Բարեգործական վազքարշավին մասնակցությունը գրանցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց համապատասխան ձևաչափ և կատարել վճարում: Մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ է: Վազքին մասնակցելու առնչությամբ բոլոր հարցերը կարող էք ուղղել Info@armeniamarathon.org էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 055 88 66 37 հեռախոսահամարին։
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:30-ից մինչև 12:30-ը կդադարեցվի Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվան հրապարակների, ինչպես նաև Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին և Աբովյան փողոցների երթևեկությունը: