ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Բարեգործական ընկերության աշխատակից Գալինա Հուսեյնովան կալանավորվեց։ Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը բավարարեց մեղադրողի կողմի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, մեղադրյալն իր մեղքը չի ընդունում` նշելով, որ իր դեմ դավ են նյութել։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում կալանավորել էին ՀՀ երկու քաղաքացու, որոնց կասկածում են 93 տարեկան կնոջ սպանության մեջ։
Շրջանային դատարանը մինչև 2018 թվականի փետրվարի 12-ը կալանքի տակ էր առել Սենիկ Նարոյանին և Ռազմիկ Հակոբյանին։
Նշենք, որ Մարիինյան թատրոնի աշխատակցուհու` 93 տարեկան Նինա Մացինայի սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին։ Քանի դեռ կասկածյալի հանցակիցներից մեկը վերահսկել է իրավիճակը, երկրորդը մտել է բնակարան ու խեղդել զոհին։ Կասկածյալները խուզարկել են բնակարանը, գողացել տուժածի վարկային քարտը, ինչպես նաև հայտնի երգչի ինքնագրով հին լուսանկարը։ Սակայն հանցակիցները չեն կարողացել վարկային քարտից գումար հանել, քանի որ չեն իմացել ծածկագիրը։
Հանցագործության կազմակերպիչ Գալինա Հուսեյնովան «Եվա» բարեգործական կազմակերպության աշխատակիցներից է, 42 տարեկան։ Նա եղել է ծեր կնոջ խնամակալը, իմացել է, որ Մացինան խնայողություններ ունի, որոնք կուտակել է սեփական թաղման համար։
Հուսեյնովան որոշել է յուրացնել այդ փողը և նպատակին հասնելու համար ծրագրել է սպանել ծեր կնոջը։ Մտադրության մասին հայտնել է իր ծանոթ հայերին, որոնցից մեկը 33 տարեկան է, մյուսը` 34։ Հուսեյնովան խոստացել է պարգևատրել նրանց։