ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Սաջջադ Քարիմը հայտարարություն է տարածել, որում նա ընդգծել է, որ ողջունելի չէ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից այս շաբաթ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի և Յարոմիր Շետինայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության եւ իրենց գործելակերպով ինքնահռչակ պետականությանն աջակցելու համար: Փետրվարի 20-ին ԵԽ-ի վերոնշյալ պատգամավորներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղում անցկացված տեղական գործընթացի դիտորդական առաքելություն:
Լեռնային Ղարաբաղում Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիտորդական առաքելություն չի իրականացվել, իսկ այս ամենին հակառակ ստեղծված որևէ տպավորություն, հետևաբար, ամբողջապես հիմնազուրկ է:
Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու ցանկացած վայր իրենց ընտրությամբ և առաջ տանելու իրենց անձնական համոզմունքները: Միևնույն ժամանակ, ԵԽ-ի պատգամավորները պետք է պատասխանատվությամբ ուշադրություն դարձնեն հրադադարի ակնհայտ փխրունությանը և աջակցեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական միջնորդական գործընթացին ու նման այցելությունների ժամանակ ցույց տան իրենց ոչ պաշտոնական, անհատական կարգավիճակը:
Միջազգային հետախուզում հայտարարելն անողջունելի, անօգտակար ու անցանկալի իրողություն է: Այն նաև չափազանցնում է ԵԽ-ի պատգամավորների անհատական այցելության կարևորությունը:
Այն ինչ անհրաժեշտ է՝ Մինսկի խմբի գործընթացի վերաշխուժացումն ու քաղաքական միջնորդական ջանքերն են՝ տարածաշրջանում ապրող ժողովուրդներին ու շահագրգիռ պետություններին ներկայում տևականորեն ձգձգվող հակամարտությունից տանելու դեպի խաղաղություն, տնտեսական առաջընթաց ու կենսապայմանների բարելավում: Սա պետք է լինի մեր քաղաքական գործունեության շարժիչը, ինչը մենք իրականացնում ենք հրապարակայնորեն և թափանցիկությամբ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական տարբեր մարմինների միջոցով:
Մենք կարևորում ենք նաև ԵԽ-ի երեք պատգամավորների կողմից իրենց այցելության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, ինչպես պահանջվում է ԵԽ-ի բոլոր պատգամավորների պարագայում»: