ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Անգլիական ֆուտբոլային ակումբը դեմ չէ բաժանվել Հենրիխ Մխիթարյանից, եթե նրա համար լավ առաջարկ արվի, ասել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հաղորդում է Soccer.ru-ն՝ հղում անելով Sky Sports-ին:
«Լավ գումար առաջարկելու դեպքում, ամեն ինչ հնարավոր է: Ամեն խաղացող իր գինն ունի: Եթե ֆուտբոլիստը մեզ մոտ իրեն լավ չի զգում, և եթե նրա համար լավ գին են առաջարկում, ինչպես եղավ Դեպայի և Շնեյդերլինի դեպքում, ես երբեք «ոչ» չեմ ասի»,-ասել է Մոուրինյոն:
Նա նաև հավելել է, որ կողմ է գործարքն իրականացնել հունվարյան տրասֆերային պատուհանի ժամանակ հարմար առաջարկի դեպքում:
«Եթե հնարավորություն ստեղծվի մի քանի ամիս առաջ գնելու այն խաղացողին, որին նախատեսել էինք հունիսին գնել, ապա հրաշալի կլինի»,-ասել է Մոուրինյոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր բրիտանական The Mirror պարբերականը, Մոուրինյոն պատրաստվում է ամռանը հրաժարվել Մխիթարյանից, որպեսզի նրա փոխարեն գնի Մեսուտ Օզիլին «Արսենալից»:
Մինչ այդ մամուլում շրջանառվում էր Միիթարյանի հունվարյան տրանսֆերի մասին լուրը: Նշվում էր, որ հավանական է` հայ կիսապաշտպանը տեղափոխվի «Ինտեր» կամ «Բորուսիա»։
2016 թվականի ամռանը Մխիթարյանը «կարմիր սատանաների» մոտ էր գնացել Դորտմունդի «Բորուսիայից», որի կազմում խաղում էր 2013 թվականից։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չորս տարվա պայմանագիր էր կնքել` մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ։ Կիսապաշտպանի փոխանցման համար ակումբը 42 միլիոն եվրո էր վճարել։