ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայի դատարանը մեղավոր ճանաչեց Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին նրա դեմ հարուցված կաշառակերության գործով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուլյուկաևը մեղավոր է ճանաչվել պաշտոնավարման ընթացքում կաշառք վերցնելու համար», — ասված է դատավոր Լարիսա Սեմյոնովայի կայացրած վճռում:
Դատախազությունը պահանջել է Ուլյուկաևին դատապարտել 10 տարվա ազատազրկման, ինչպես նաև ենթարկել նրան 500 մլն ռուբլու չափով դրամական տույժի: Վճիռը կհրապարակվի այսօր։
Ալեքսեյ Ուլյուկաևը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերի 14-ին։ Նախկին նախարարին ձերբակալել էին 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին: