ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Ոստիկանության Երևանի ՊՊԾ գունդը գրաված անձանց սնունդ հասցրած, ապա կալանավորումից հետո մահացած Արթուր Սարգսյանի (Հաց բերող) հուշարձանը Երևանում տեղադրելու հարցով դեռ որևէ մեկը չի դիմել Երևանի քաղաքապետարան։
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որն աշխատել է արձանի նախագծման վրա, «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է, որ քաղաքապետարան դիմելու հարցը տեղափոխվել է հաջորդ տարի։ Անահիտ Թարխանյանի խոսքով, այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ճարտարապետների միության հետ, որպեսզի հունվար ամսին միությունում կազմակերպվի հանրային քննարկում, որից հետո նոր կդիմեն քաղաքապետարան։
«Երևանի քաղաքապետարանից էլ մեզ հայտնել են, որ դիմումի առկայության դեպքում կքննարկվի արձանը տեղադրելու հարցը։ Արձանը տեղադրել ցանկացողները մտադիր են այն կանգնեցել Երևանի Իտալիայի փողոցում գտնվող զբոսայգում` Մյասնիկյանի արձանի ետնամասում։ Հարցին` նախնական տարբերակը նույնությամբ մնու՞մ է, թե՞ որոշ փոփոխություններ արվելու են, Անահիտ Թարխանյանը պատասխանեց, որ որևէ փոփոխություն չի կատարվել, և հանրային քննարկման կդրվի հրապարակված տարբերակը»,- գրում է թերթը։