ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Բրիտանիայի հանրության կողմից սիրված արքայազն Հարրին և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը կամուսնանան 2018 թվականի մայիսի 19-ին։ Այդ մասին հայտնել են Քենսինգտոնյան պալատի Twitter–ի պաշտոնական միկրոբլոգում։
«Թագավորական Մեծություն Ուելսի արքայազն Հարրին և միսս Մեգան Մարքլը կամուսնանան 2018 թվականի մայիսի 19-ին։ Այսօրվա հայտարարությունը լրացումն է հարսանիքի օրվա և անցկացման վայրի (Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգի մատուռ) վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարության», – գրված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ` նոյեմբերի 27-ին, արքայազն Հարրին և Մարքլը հայտարարել էին իրենց նշանադրության մասին։ Իսկ հարսանեկան արարողությունը տեղի կունենա ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակչի նույն օրը։
Անգլիայի եկեղեցում ամուսնանալու համար, բողոքական Մարքլը պետք է կատեխիզացիա անցնի։ Բացի այդ, աղջիկը հանուն ամուսնության որոշել է զոհաբերել դերասանական կարիերան։ Նա նաև մտադիր է բրիտանական քաղաքացիություն ստանալ։
Հարսանիքի բոլոր ծախսերը թագավորական ընտանիքն իր վրա է վերցրել։
Քենսինգտոնյան պալատի ներկայացուցիչը երկու օր առաջ հայտարարել էր, որ արքայազն Հարրիի հարսնացուն հրավեր է ստացել թագավորական ընտանիքի հետ նշել Սուրբ Ծնունդը Սանդրինգեմ կալվածքում` Նորֆոլկում։ Դա ավանդույթների խախտում է, քանի որ ավանդույթի համաձայն` միայն թագավորական ընտանիքի անդամների ամուսիններն են ներառվում թագուհի Եղիսաբեթ II «մտերիմների կազմում»։