ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. 2018թ-ին Հայաստանում դիզելային վառելիքը կթանկանա 5-6 տոկոսով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը։
Մասնավորապես, 2018թ-ին դիզելային վառելիքը կհարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։ Բայց մյուս կողմից կնվազի ակցիզային հարկը` մեկ տոննայի համար շուրջ 20 հազար դրամով։ Այդ «պլյուս-մինուսը» հաշվի առնելով` հարկերը դիզելի ինքնարժեքը կբարձրացնեն 5-6 տոկոսով։
Կարելի է ասել, որ այժմ գյուղացիների համար ավելի թանկ կլինի տրակտորները սպասարկելը և վարձակալելը, բայց հանրապետությունում դիզելի հիմնական սպառողներն այսպես թե այնպես գյուղացիները չեն։
«Դրանք հանքերում աշխատող էքսկավատորներն են և ինքնաթափերը, ինչպես նաև հասարակական տրանսպորտը։ Այո, մի քիչ կթանկանա նաև գյուղացիների համար, բայց ընդհանուր առմամբ տնտեսության համար այդ բեռն այդքան ծանր չէ», — ասաց Անանյանը։
Նշենք, որ Հայաստանի ուղևորատար ավտոբուսների մեծ մասն աշխատում է դիզվառելիքով։ Ավտոբուսով, ինչպես նաև երթուղային տաքսով երթևեկելն արժի 100 դրամ։