ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել 2016 թվականին Մոսկվայի «Սիթիբանկում» մարդկանց պատանդ վերցրած Արամ Պետրոսյանի նկատմամբ վճիռը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պետրոսյանի նկատմամբ վճիռը թողնել առանց փոփոխության»,- հայտարարվել է Գերագույն դատարանում։
Այս տարվա սեպտեմբերի 7-ին Մոսկվայի շրջանային դատարանը 12 տարվա ազատազրկման էր դատապարտել հայազգի գործարար Արամ Պետրոսյանին։
Դատարանը Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՌԴ ՔՕ 206-րդ հոդվածի 2-րդ մասով («Որպես զենք կիրառվող առարկայի օգտագործմամբ 2 և ավելի անձանց պատանդ վերցնելը») և 205-րդ հոդվածի 1-ին մասով («Ահաբեկչություն») և նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, այսինքն՝ 2016 թվականի օգոստոսի 24-ից հաշված: Տուժողի 50 հազար ռուբլու քաղաքացիական հայցը ամբողջությամբ բավարարել։
Հիշեցնենք, որ Պետրոսյանը չորս պատանդ էր վերցրել «Սիթիբանկի» Մոսկվայի կենտրոնում գտնվող բաժանմունքում` սպառնալով պայթեցնել այն: Սակայն հետագայում տղամարդը բաց էր թողել բոլոր պատանդներին և հանձնվել էր իրավապահներին: Առարկան, որը նա որպես ռումբ էր ներկայացրել, կեղծ էր եղել: Հարցաքննության ընթացքում Պետրոսյանը հայտնել էր, որ ցանկանում էր իր արարքով ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրին: