ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ ԱԻՆ և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև համագործակցության պլանի ստորագրման պաշտոնական արարողությունը: Համագործակցության պլանը մշակվել է 1994թ.-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա:
Պլանը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Մ.Ղազարյանի և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ա.Միխեևի կողմից:
Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել բնական և մարդածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում:
Անդրադառնալով Համագործակցության պլանի բովանդակությանը՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ տեղեկատվության փոխանակումը, ազդարարումը և համատեղ ուսումնավարժանքները աղետներին համատեղ դիմակայելու գործընթացի հիմնասյունային բաղադրիչներից են:
Համագործակցության պլանի խնդիրներից է նաև քիմիական, կենսաբանական և ճառագայթային վարակների ենթարկված տարածքների բացահայտումը, սանիտարական միջոցառումների, արտակարգ իրավիճակներից հետո վերականգնողական միջոցառումների համատեղ իրականացումը և այլն: