ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Թբիլիսիում բազմաբնակարան շենքի վերանորոգման աշխատանքները, որը նոյեմբերի վերջին հայտնվել էր հակաահաբեկչական գործողության էպիկենտրոնում, կանցկացնի քաղաքապետարանի բարեկարգման ծառայությունը։ Այդ մասին հաղորդում է Sputnik Գրուզիան։
Թբիլիսիում Վանահայր Գաբրիել Սալոսի պողոտայում անցկացված հատուկ գործողությունը տևել է գրեթե մեկ օր՝ նոյեմբերի 21-22-ը։ Տունը, որում թաքնվել են կասկածյալները, տուժել է պայթյունների և հրդեհի հետևանքով։ Իրադարձություններն ընթացել են շենքի երրորդ մուտքոմ։ Այդ մուտքում բնակվող 27 ընտանիքները դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց բնակարաններ։
«Հիմնականում վնասվել են հինգ բնակարան։ Եվս երկու բնակարան աննշան կորուստ է կրել։ Ես հստակ չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի, քանի որ, ընդհանուր առմամբ պետք է վերանորոգել շուրջ 600 քմ», — ասել է բարեկարգման ծառայության ղեկավար Գիվի Կուբլաշիլին։
Այդ ընթացքում քրեագետները շենքում ավարտել են իրենց աշխատանքը։
«Թբիլիսիի քաղաքապետարանը, կենտրոնական իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի այն խնդիրները, որոնք անհանգստացնում են տեղի բնակիչներին, առաջիկայում հարթվեն և լուծվեն։ Վնասված բնակարանները շատ վատ վիճակում են։ Առաջիկայում կսկսեն աշխատել համապատասխան ծառայությունները։ Ամեն ինչ կարգի կբերենք և շենքը սկզբնական տեսքը կստանա», — ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել էր մեկ մարդ՝ Ռուսաստանի քաղաքացի Սայիդ Դուդաևը, իսկ երեքը մահացել էին։ Երկուսին չեզոքացրել են, երրորդը՝ Ահմեդ Չաթաևը, պայթեցրել է իրեն։