ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Պլաստիկ բրինձ արտահայտությունն աշխարհում նոր չէ։ Նման արտադրություններ արդեն իսկ կան։ Բայց Հայաստանի համար պլաստիկ բրինձը նորություն է, հատկապես, որ այն աչքի է ընկնում գարշահոտությամբ և ոչ մի կերպ չի եփվում։ Տարօրինակ բրնձի հետ առնչվողներ առնվազն Երևանում արդեն կան։
Նրանցից մեկը լրագրող Նարինե Կիրակոսյանն է։ Մայրաքաղաքի խանութներից մեկից գնված բրինձը նա ամբողջ երեկո փորձել է եփել, իսկ որոշ ժամանակ անց բրնձից վատ հոտ է զգացել։
«Նախ չէր եփվում, 1-2 ժամ եռացրեցի, բայց ոչ տեսքն էր փոխվում, ոչ էլ փափկում էր։ Իսկ հետ սկսեց սարսափելի հոտ գալ։ Փորձեցի համեմունքներ լցնել, բայց հոտը ոչ մի կերպ չէր անցնում»,– պատմում է Նարինեն։
Իսկ հաջորդ օրը լրագրողը վերցրել է մնացած բրինձն ու տարել այն Սննդի անվտանգության պետական ծառայություն։ Այստեղ բրինձը հանձնել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները պարզ կլինեն օրեր անց։
Մինչ այդ նմանատիպ գարշահոտ բրինձ քաղաքացիներից մեկը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն։ Կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն այն ցանկացել է ուղարկել եվրոպական լաբորատորիա` փորձաքննության։ Եվրոպական լաբորատորիայից հայտնել էին, որ նյութը, որից պատրաստված է բրինձը փորձաքննության չի ենթարկվում։
«Խայտառակ հոտ է գալիս։ Երբ տարայի բերանը բացում եմ, մարդիկ ուղղակի փախնում են»,–ասում է Պիպոյանը` հավելելով, որ ինքը կասկած չունի, որ բրինձը բնական չէ։
Այդ մասին է վկայում նաև կատարած հասարակ փորձը։ Նախ` բրնձի վրա ջուր լցնելիս դրա հատիկները բարձրանում են ջրի երես, ինչը բնական բրնձի դեպքում հնարավոր չէ, բացի այդ բնական բրինձը եփելուց հետո մի քանի օր անց բորբոսնում է։ Այս բրինձը, 4-5 օր կենտրոնի գրասենյակում պահելուց հետո, որևէ փոփոխության չի ենթարկվել։
Աշխարհում արդեն մի քանի տարի է, ինչ պաշտոնապես հայտարարվել է պլաստիկ բրնձի արտադրության մասին։ Առաջինը նման փորձ է կիրառել Չինաստանը, ապա այդ փորձն ընդօրինակել են նաև Ասիական այլ երկրներ` Հնդկաստանը, Ինդոնեզիան, Վիետնամը, Մալայզիան։
Կեղծ բրինձը ստացվում է կարտոֆիլի օսլայից ու պլաստիկից։ Որոշ մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն` այս բրնձի 3 բաժակ ուտելը հավասար է մեկ պլաստիկե տոպրակ կուլ տալուն։ Այն օրգանիզմի կողմից չի յուրացվում և, բժիշկների կարծիքով, կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների։ Տեսքով այս բրինձը բնականից չի տարբերվում։