Աբորտների հետ կապված խնդրի կյանքիս ընթացքում չեմ բախվել տարբեր պատճառներով, այդ թվում նաև երևի բախտի բերումով։ Բայց ինձ հետաքրքրեց` ինչ են արել մերոնք, որ նույնիսկ ԵՄ հանձնակատարն է մտահոգվել։
Ահա, օրինակ, Մույժնիեկսը գրում է, որ աբորտների հասանելիության հետ կապված հարցերը «շատ կանանց համար խնդիրներ են առաջացնում, սահմանափակում են կյանքի իրավունքները, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, առողջությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատությունը։ Աբորտը պետք է օրինական լինի կնոջ խնդրանքով նրա հղիության սկզբից մինչև վերջ, ու պետք է դադարեցնել «երրորդ կողմի» թույլտվությունը ստանալու պրակտիկան։
Պետք չէ իրավաբան լինել հասկանալու համար, որ ապօրինի աբորտները միշտ էլ հետապնդվել են, այդ պատճառով զեկույցում «օրինականության» մասին հատվածը կարելի է վաղուց ձևավորված իրականության փաստագրում համարել։ Այստեղ հետաքրքիր է «երրորդ կողմի» մասին հատվածը։ Ու ընդհանրապես հետաքրքիր է` ինչ փոփոխություններ են կատարվել հայաստանյան օրենքներում։
Պարզվում է` առանձնապես ոչինչ էլ չեն արել, պարզապես մի փոքր բարդացրել են գործընթացը` շեշտը դնելով այն բանի վրա, որ կնոջը համոզեն հետ կանգնել հղիությունն արհեստականորեն ընդհատելու մտադրությունից։ Ավելորդ մանրամասներով չհոգնեցնելու համար հակիրճ ներկայացնեմ իրավիճակը։
Ինչպես և նախկինում, հիմա էլ կինը սեփական ցանկությամբ կարող է ընդհատել հղիությունը (մինչև 12 շաբաթական), միայն թե նախկինում բավարար էր բանավոր դիմելը, հիմա գրավոր դիմում է պետք։
Իսկ 12-ից 22-րդ շաբաթական հղիությունը կարող է ընդհատվել բացառապես բժշկական ու սոցիալական ցուցումների դեպքում։ Բժշկական ցուցում կարող են լինել ոչ միայն կյանքի հետ անհամատեղելի կամ ծանր հաշմանդամության տանող պտուղի հիվանդությունները, այլ նաև հավանականությունը, որ կարող է սեռի հետ կապված հիվանդություններ ժառանգել (օրինակ` հեմոսիլիա, որով միայն տղաներն են հիվանդանում)։ Այդ դեպքում կինը պետք է աբորտի համար գրավոր թույլտվություն տա։
Ընդ որում` հղիությունն ընդհատելու համար կնոջ կամ պտղի մոտ բժշկական ցուցումների առկայությունը պետք է հաստատված լինի փաստաթղթերով, անալիզների ու հետազոտությունների արդյունքներով։
Ինչպես տեսնում ենք, Արևելքի կանանց իրավունքները սահմանափակող սարսափելի կամ տարօրինակ ոչինչ չկա։ Այո, արգելված են սելեկտիվ աբորտները, և դա էլ է ճիշտ, թեև արի ու ապացուցի, որ աբորտը սելեկտիվ է։ Եթե կինը երեխա չի ուզում, սեռն արդեն կապ չունի։