ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբեր — Sputnik. Խորհրդարանն այսօր վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի բոլոր դրույթները կիրառելի կլինեն և լիարժեքորեն կարող են գործել էլեկտրոնային հայտարարագրման համակարգին անցման դեպքում: Կատարված են բացառություններ որոշ դեպքերի համար՝ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխում, մաքսային տարանցման, միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դեպքում և այլն:
Պայմանագրով նախատեսվում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները, բացառությամբ այն իրավահարաբերությունների, որոնք նույն պայմանագրի համաձայն, նախատեսվում է վերապահել ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությանը:
Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Մասնավորապես, ապրանքների բացթողումը կատարվելու է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում` ներկայումս մաքսային հայտարարագրի գրանցումից հետո սահմանված 1 աշխատանքային օրվա փոխարեն:
Վարչարարական գործընթացների պարզեցման նպատակով ներկայումս սահմանված 2+2 ամիս ժամանակավոր պահպանության ժամկետի փոխարեն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսվում է կիրառել միանգամից 4 ամիս ժամկետը` առանց երկարաձգման հնարավորության: Հստակեցվել են գործող մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերին վերաբերող կարգավորումները: