ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին», կամ ինչպես ընդունված է ասել` զինծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց պատասխանատվությունից ազատելու օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեցին բոլոր խմբակցությունները՝ 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ:
Օրենքում արդեն մի քանի անգամ փոփոխություն արվել է, սակայն ԱԺ ամբիոնից ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այս հնարավորությունը վերջինն է։
«Մենք մեր քաղաքացիներին ազնվորեն պետք է ասենք, որ հարգելի քաղաքացիներ, սա վերջին հնարավորությունն է, և այս հաջորդ երկու տարիների ընթացքում՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, օգտվեք ընձեռված հնարավորությունից»,-ասաց ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք` նախագծի հեղինակներն առաջարկում են բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն տալ ամեն բաց թողնված զորակոչի համար վճարել 200 հազար դրամ՝ ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ, ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք: