ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։ Այս մասին նշված է ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում։
ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։
Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։
Դեկտեմբերի 9-ին Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը կանցկացնի եվրոպական երկրներում և Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։
Դրանից հետո հանդիպել են երկու երկրների նախագահները, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի մշտական ներկայացուցչությունում։