ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանի «Գարուն-ամառ 2018» նոր հավաքածուն նորաձևության սիրահարներին համախմբել է Կիևում։ Երեք օր է անցել, բայց դիզայների ներկայացրած նորաձև գույների վերաբերյալ կրքերը չեն հանդարտվում։
Հայկ Ավանեսյանի «Գարուն-ամառ 2018» նոր հավաքածուի փակ ցուցադրությունը կայացել է դեկտեմբերի 1-ին Կոմսուհի Ուվարովայի կիևյան առանձնատանը։ Ցուցադրության առանցքային կերպարն է դարձել հայտնի մոդել Էմի Գրեյսը։
«Զգեստը գրեթե ամբողջովին ձեռքի աշխատանք է… կիլոգրամով ուլունքներ, Swarovski քարեր։ Մի քանի դերձակ մեկ ամիս աշխատել են զգեստի վրա։ Էսքիզն անելիս ես հստակ գիտեի, որ այս զգեստը պետք է սևամորթ մոդել ցուցադրի։ Երջանիկ եմ, որ Էմին կարողացավ ցույց տալ այն բոլոր հույզերը, որոնք ես ուզում էի փոխանցել», — Instagram-ի իր էջում գրել է Ավանեսյանը։
Արծաթագույն, ոսկեգույն, կորալ և կանաչ. ահա Ավանեսյանի ցուցադրության հիմնական գույները։ Եթերային զգեստի ստեղծման և ոսկու գույները ստանալու ընթացքը, ըստ դիզայների, բարդ, նուրբ և երկարատև աշխատանք է պահանջում։ 1.5 ամիս աշխատել են չորս դերձակ։ Հեղինակն իր այցեքարտն է համարում կանաչ զգեստները։
Հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը Hayk Avanesyan ապրանքանիշը ստեղծել է 2011 թվականին։ Մի քանի ամիս անց այդ ապրանքանիշը Կիևում արժանացել է «Տարվա բացահայտում» մրցանակին։ Նրա զգեստներն այսօր կրում են հայտնի ուկրաինուհիներից շատերը։ Վերջերս «Դոմ-2» հեռուստանախագծի նախկին մասնակից Վիկտորյա Ռոմանեցը 12 հազար դոլարով հարսանեկան զգեստ էր գնել հենց Hayk Avanesyan-ից։ Այսօր Հայկն ուկրաինացի աստղերի ամենասիրված դիզայներներից մեկն է։