
Ռեժիսոր, պրոդյուսեր Ուոլթ Դիսնեյը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 5-ին։

Ուոլթ Դիսնեյը The Walt Disney Company–ն ստեղծել է 1923 թվականին։ Ընկերության նկարած առաջին ֆիլմը դարձավ «Ալիսայի օրը ծովում», որի գաղափարն Ուոլթը վերցրեց Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքից։

Ուոլթ Դիսնեյն ու Այբ Այվերքսը Միկի Մաուսի կերպարը ստեղծեցին 1928 թվականին։

Դիսնեյլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Շատերն են հիշում Միկի Մաուսի ձայնը։ Մինչև 1947 թվականը Ուոլթ Դիսնեյն անձամբ էր հնչունավորում իր մկնիկին։ Դիսնեյը մոլի ծխող էր, և այդ պատճառով նրա մոտ խրոնիկ հազ առաջացավ։ 1947 թվականից հետո Միկին սկսեց խոսել Ջիմի Մակդոնալդի ձայնով։

Միկին «նկարվել է» 9 լիամետրաժ, ավելի քան 20 կարճամետրաժ մուլտֆիլմերում։ Ստեղծվել են 5 մուլտսերիալ, գրվել` 10 գիրք ու պատկերապատում, որոնց գլխավոր հերոսը Միկին է։


Քնած դշխուհու ապարանքը Դիսնեյլենդի խորհրդանիշն է։ Բացի այդ, իսկական ատրակցիոն է, որտեղ այցելուները կարող են հայտնվել Դիսնեյի հայտնի մուլտֆիլմի սյուժեում։