ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Այս տարի Հայաստանում սկսել են ավելի շատ գազ սպառել, այդ թվում` արդյունաբերության շնորհիվ։ Երկրի տնտեսությունը «տաքանում է», նշել են նաև «Գազպրոմի» ղեկավարները, որոնք հոկտեմբերին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պատվիրակության հետ ժամանել էին Երևան։
Ավելի փոքր տներում տնտեսել են ջեռուցման վրա, իսկ արդյունաբերական ոլորտում վառարանները թեժ են եղել։ Ամեն ինչ այդպես էլ եղել է` որոշ վերապահումներով։
Տներում իսկապես ավելի շատ գազ են օգտագործել։ Պաշտոնական տվյալներով` սպառման (Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովից) և բաժանորդների թվով («Գազպրոմ Արմենիայի» սերվիսային ընկերության` AEG Service-ից) 2017թ-ին մեկ ընտանիքը միջին հաշվարկով ամսական սպառել է 80 խորանարդ գազ, իսկ 2016թ-ին` 66։
Հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետության տներում և բնակարաններում գազի սպառումը 20 տոկոսով շատ է եղել։ Այդ նույն ինն ամիսների ընթացքում կրկին 20 տոկոսով ավելացել են Ռուսաստանում աշխատող հայրիկների, հորեղբայրների ու եղբայրների դրամական փոխանցումները։
12 տոկոսով ավելի շատ գազ են սպառել նաև արդյունաբերության ոլորտում։ Հունվար-հոկտեմբերին արդյունաբերական ակտիվությունն աճել է կրկին 12 տոկոսով։ Այսպիսով, գազը մնում է տնտեսության ճշգրիտ ինդիկատորը։ Արդյունաբերությունն այն ավելի ուժեղ է «տաքացնում», քան նախկինում։ Բայց հիմնական հույսը կրկին արտասահմանից ստացվող դրամական փոխանցումներն են։ Որքան իշխանություններն ուրախանում են արդյունաբերական աճով (և նեղանում են, երբ ինչ-որ մեկն այն չի նկատում), այնքան էլ անհանգստանում են «ասեղի վրա նստած» տրանսֆերների համար։