ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. «Ты супер! Танцы» մրցույթի ժյուրիի բոլոր անդամները կանաչ ճանապարհ բացեցին մրցույթի հայ մասնակիցների` 17-ամյա Դավթի ու 16-ամյա Աստղիկի համար, և նրանք անցան մրցույթի կիսաեզրափակիչ փուլ։
«Ես հիացած եմ ձեր պարով։ Ես չէի կարող չնկատել, թե ինչ սիրով եք իրար վերաբերվում»,- ասաց ժյուրիի անդամ, թատերական բեմադրությունների պարուսույց և ռեժիսոր Եգոր Դրուժինինը։
«Փշաքաղվեցի։ Անչափ շնորհակալ եմ և ուրախ, որ դուք այս նախագծում եք և եկել եք հիասքանչ Հայաստանից»,- ասաց պարուսույց Եվգենի Պապունաիշվիլին։
Բալետի պարուհի և Մեծ թատրոնի առաջատար մենապարուհի Քրիստինա Կրետովան հոտնկայս ողջունեց Դավթին ու Աստղիկին։
«Դուք չվախեցաք ձեզ համար անսովոր պար ներկայացնելուց։ Ամեն ինչ իսկական էր, և ես այլ տարբերակ չունեի, քան…»,- ասաց նա ու սեղմեց «կանաչ կոճակը»։
Թատրոնի և կինոյի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը նույնպես ձեռքը դրեց բաղձալի կոճակին։
«Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, միավորել է Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն է տվել։
«Ты супер! Танцы» միջազգային մրցույթի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 2-ին։ Նախագծին մասնակցում են ավելի քան 140 պատանի պարող 10 երկրից։