ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչի գումարը նվազեցվել է, և կրճատվող գումարն ուղղվել սրտի անհետաձգելի վիրահատական ծրագրին, որը Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումն էր:
2015 թվականի հունվարից կյանքի կոչված այդ ծրագրի շրջանակում իրականացվում է անվճար ստենտավորում, եթե հիվանդի վիճակը կրիտիկական է և նրա կյանքին վտանգ է սպառնում: Բուժհաստատությունները դրա դիմաց փոխհատուցում ստանում են պետական բյուջեից, այժմ, փաստորեն, նաև սոցփաթեթի համար հատկացված գումարի մի մասից: Սոցփաթեթի առողջապահական բաղադրիչի գումարային արժեքը 52+8 հազար դրամ էր: 8 հազարի շրջանակում նրանց տրամադրվում է կանխարգելիչ բուժօգնություն, իսկ 52 հազարով՝ առողջության ապահովագրություն:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, պատասխանելով մեր հարցին, հաստատեց, որ սոցփաթեթի առողջության ապահովագրության մասը նվազել է՝ հասնելով 38 հազարի: Հարցին, թե ինչով է դա պայմանավորված, նա արձագանքեց. «Չգտանք մնացած փողը, տրոհվել էր»: Նախարարը չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ նվազած գումարի չափով միջոցներն ուղղվել են սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրին: «Չեմ կարող ասել՝ որտեղ է տրոհվել, բայց տրոհվել է: Ամեն դեպքում այսօրվա դրությամբ մենք հնարավորություն անենք 38 հազարով տրամադրել նույն ծառայությունները, ինչ-որ 52 հազարանոց փաթեթում էր»,- ասաց նա՝ պարզաբանելով. «Առաջ ծրագրի եկամտաբերությունն ավելի շատ էր հաշվարկված: Մենք հիմա հաշվարկել ենք նվազագույն չափերով»: