ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպանը հանդես չի գա Արսենալի դեմ խաղում, հաղորդում է Manchester Evening News-ը։ «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում կմրցի Արսենալի հետ անգլիական պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում դեկտեմբերի 2-ին։ Մխիթարյանը չի հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների ցուցակում, որոնք մասնակցելու են «Արսենալի» դեմ հանդիպմանը։
Մխիթարյանը չի մասնակցել նաև Ուոտֆորդի դեմ կայացած նախորդ հանդիպմանը։
Վնասվածքի պատճառով Արսենալի հետ խաղին չեն մասնակցի Էրիկ Բային, Ֆիլ Ջոնսը և Մարուան Ֆելաինին։
«Բրայտոնի» դեմ խաղում, որտեղ Մխիթարյանը հայտնվել է 71-րդ րոպեին, ֆուտբոլիստն այդքան էլ լավ հանդես չի եկել։ Որոշ անգլիական ԶԼՄ-ներ Մխիթարյանին անվանել են հանդիպման ամենավատ խաղացող՝ չափազանց ցածր գնահատական տալով նրա ելույթին։
Մխիթարյանի համար բարդ ժամանակներ են «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ չէ հայ կիսապաշտպանի խաղից, լուրեր են պտտվում, որ Միկին կլքի «կարմիր սատանաներին»։
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի 15 խաղերի՝ խփելով երկու գոլ և կատարելով հինգ արդյունավետ փոխանցում։