ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Ritz Carlton շքեղ հյուրանոցի բանտարկյալ, արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզը հրաժարվել է գործարք կնքել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ, փոխանցում է CNBC–ն։
«Արքայազնը չի ընդունում իր մեղքը ու պահանջում է միջազգային աուդիտորական ընկերությունների ներգրավել` իր եկամտի ու միջոցների աղբյուրները պարզելու համար։ Բացի այդ, նա պահանջում է, որպեսզի անկախ հետաքննություն անցկացվի` անկախ փորձագետների ու միջազգային ատյանների մասնակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ միլիարդատեր արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզին ձերբակալել են նոյեմբերի 7–ին։ Ձերբակալության հետևանքով ընկան նրա ընկերության բաժնետոմսերի գները, նա նաև միլիոն դոլար կորցրեց։
Արքայազնին ձերբակալել են Սաուդյան Արաբիայում` ֆինանսական մախինացինաների ու իշխանությունը չարաշահելու համար։ Հիմա նա ու ավելի քան 200 հանցագործություններում մեղադրվող բարձրաստիճան սաուդիտները բանտարկված են Ritz Carlton շքեղ հյուրանոցում Ալ-Ռիադում։
Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզը ծնվել է 1955-ին Սաուդյան Արաբիայում արքայազն Թալալի և լիբանանցի Մոնա ալ Սոլհիի ընտանիքում: Ալ Վալիդ արքայազնի պապը` Սաուդյան Արաբիայի հիմնադիր և երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդն արդեն հասուն տարիքում ամուսնացել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ աղջկա հետ՝ Մունաիր անունով:
«Մունաիրը 12 տարեկանում ներկայացվել է Իբն Սաուդին, իսկ հետագայում դարձել է նրա սիրելի կինը և 2 որդի պարգևել նրան՝ Թալալին և Նավաֆին»,-ասված է Սաուդյան Արաբիայի գծով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունն ու իրավահաջորդությունը արաբական մենապետություններում» գրքում: