ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Ստեփանակերտը` գեղատեսիլ կենտրոնական հրապարակով, սրճարաններով ու ռեստորաններով սառեցված հակամարտության «շղարշում» ապրողի վայրի տպավորություն չի թողնում, գրում է իսպանական Sur ամսագրի անգլալեզու տարբերակի լրագրող ու ճանապարհորդ Էնդրյու Ֆորբսը։
«Երևանից Ստեփանակերտ տանող ճանապարհը լի է հիանալի ու գրավիչ տեսարաններով… Ինչ վերաբերում է բուն Արցախին, ապա այն մեծ մասամբ սարերով ու անտառներով է պատված, ինչը լավ հնարավորություն է տալիս քայլարշավներ իրականացնելու։ Հունոտի կիրճում կարելի է եզակի ջրվեժ գտնել, որը կոչվում է Մամռոտ քար` մամուռով պատված հսկայական քարայր–հովանոցներ, որոնցից մաքուր լեռնային ջուր է հոսում», – պատմում է նա։
Ֆորբսը նշում է, որ Արցախում բազմաթիվ ամրոցներ ու կրոնական համալիրներ կան, որոնք դարեր առաջ են կանգնեցվել։
«Անկասկած, ամենատպավորիչ վանքերից մեկը Գանձասարն է, որը հին քրիստոնեական ճարտարապետության նմուշ է։ Այն շատ գեղատեսիլ վայրում է գտնվում, այնտեղից հիանալի տեսարան է բացվում», –պատմում է բլոգերը։
Նրան զարմացրել է Արցախի հովիտներում մրգատու և խաղողի այգիների գոյությունը։
«Ես մասնակցեցի Արցախի գինու փառատոնին, որը հաջորդել էր բերքահավաքին։ Օդում խորովածի անուշ բույրն էր։ Այդ օրը բոլորը տարբեր տեսակի գինիներ ու տեղական խոհանոցի ուտեստներ էին համտեսում», – գրում է Ֆորբսը։
Արցախը ճանապարհորդին ժամանակի մեջ կորած երկիր է թվացել։ Ֆորբսը պնդում է, որ անհրաժեշտ է այցելել Հայաստանի մայրաքաղաք, որպեսզի ավելի լավ զգալ ժամանակակից քաղաքի ու հին վանքերի կոնտրաստը։