ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում Աբգար թագավորի անունը կրող շախմատի մրցաշար է անցկացվելու։ Այն կմեկնարկի դեկտեմբերի 5-ին։ Նախաձեռնողն ու կազմակերպիչը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանն է:
Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը։
Շախմատի նման մրցաշար անցկացվելու է հինգերորդ անգամ: Այս անգամ փոխվել է մրցումների անցկացման կարգը և ավելացել մասնակիցների թիվը:
Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ն 2018 թվականը հռչակել է «Երիտասարդության տարի»: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն էլ, արձագանքելով այս ամենին, անցկացնելու են միջթեմական առաջին շախմատային մրցաշարը:
Ի տարբերություն նախորդ տարիների, մասնակիցների թիվը համարյա կրկնապատկվել է: Մրցումներին մասնակցելու են տարբեր թեմեր և տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ` զինվորներ, բժիշկներ, ոստիկաններ և այլն: Առաջին պարտիան անցկացնելուց հետո 60 մասնակիցներից հաղթողներն իրավունք կստանան մասնակցելու միաժամանակյա խաղի սեանսին, որի ընթացքում մրցաշարի մասնակիցները կմրցեն Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի և Զավեն Անդրիասյանի հետ:
Մրցումների մեկնարկից առաջ Sputnik Արմենիայում կայացած ասուլիսի ընթացքում Արարատյան Հանրապետական թեմի Ս.Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը և ՀԵԵՄ ատենապետ Վահան Մարդյանը նշեցին, որ այս արքայական խաղի մրցաշարը նվիրված է քրիստոնյա առաջին թագավոր Աբգարին, և առաջին անգամ այս մրցումներին մասնակցելու են բոլոր թեմերը: Իսկ հաջորդ տարի կազմակերպիչներն արդեն նախատեսում են անցկացնել շախմատային փառատոն: