ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Երևանում նոյեմբերի 22-ին դանակահարվել էր Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1989թ. ծնված Տ.Տվիլդիանին։
Կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդի մասին ահազանգ ստանալուց հետո ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, դանակահարված երիտասարդը ճանաչվել է տուժող։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը ծանր մարմնական վնասվածքը ստացել է Երևան քաղաքի բնակարաններից մեկում, որտեղ բնակվել է իր երեք վրացի ընկերների հետ։
Պարզվել են նաև դեպքի որոշ մանրամասներ, որոնց համաձայն, դեպքի օրը, ժամը 5։00-ի սահմաններում, գիշերային ակումբից վերադառնալուց հետո, երիտասարդներից երկուսի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ընկերը խոհանոցային դանակով հարվածել է Տ.Տվիլդիանիի կրծքավանդակին։
Վրաստանի 1997 թ. ծնված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել`դիտավորությամբ մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու համար։