ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում Երևանի ժամանակով ժամը 09.50-ի դրությամբ հավաքվել է 12 505 456 դոլար։
Հեռուստամարաթոն այս տարվա թեման է «Բերքառատ Արցախ»։ Հավքված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. Արցախի տարածքում կիրականացվի խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, նաև՝ Արցախում կտեղակայվեն արևային էներգետիկ կայաններ։
2016թ.–ին «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար։ Գումարն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, բազմազավակ ընտանիքիների համար առանձնատների կառուցման ծրագրին։
Հիշեցնենք` Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, իրականացվել են մշակութային ու գիտական ծրագրեր: