ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի վաճառասեղաններին առկա թունավոր խաղալիքների վերաբերյալ վերջին նորությունները ստիպել են ծնողներին մտածել իրենց երեխաների անվտանգության և առողջության մասին։
Պարզվում է, որ մեր երկրում վաճառվող խաղալիքների 90%-ը սերտիֆիկատներ չեն ունեցել, ինչի մասին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը։
Շուկայում իրականացրած վերջին ստուգումները զարմացրել են մասնագետներին ու շարքային քաղաքացիներին։ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ Հայաստանում իրացվող մանկական ապրանքներում կան ֆտալատներ (վտանգավոր նյութեր)։
ԵԱՏՄ երկրներից ներկրված որոշ խաղալիքներում վնասակար նյութ է հայտնաբերվել, ինչը կարող է երեխաների մոտ առողջականլուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ` ալերգիա, օնկոլոգիա, շաքարախտ, լյարդի ու ստամոքսի հետ կապված խնդիրներ։
Sputnik Արմենիայի հարցին պատասխանելով` լաբորատորիայի աշխատակիցները դժվարացան պատասխանել, թե կոնկրետ որ երկրներից են ներմուծվել վտանգավոր խաղալիքները։
Ինչի՞ համար է պետք խանութները տոննաներով լցնել անորակ ու էժան խաղալիքներով, որոնք տարրական նորմերին չեն համապատասխանում, երբ կարելի է կրճատել դրանց քանակը բարձրորակ խաղալիքների հաշվին։
Հասկանալի է, որ Հայաստանում բնակվող ոչ բոլորը ծնողները կարող են իրենց թույլ տալ թանկարժեք խաղալիքներ գնել, որոնք սերտիֆիկատ ունեն և այլն։ Մեկ այլ խնդիր էլ կա։ Ապրանքի որակը հաստատող համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու խնդրանքին վաճառողը կարող է ոչ ադեկվատ պատասխան տալ։
Նման դեպքերում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը կոչ է անում անհապաղ հայտնել խախտումների մասին, որպեսզի երեխաները չթունավորվեն գեղեցիկ, բայց վտանգավոր խաղալիքներով։
Քչերը կբողոքեն, սակայն, որքան էլ զարմանալի է, Հայաստանում հաճախ են սկսել սերտիֆիկացնել ապրանքը։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը նշեց, որ վերջին տարվա ընթացքում ապրանքների սերտիֆիկացման դեպքերն ավելացել են 24%-ով։
«Ընթացիկ տարվա ապրիլից մինչև նոյեմբեր մենք ստուգումներ անցկացրինք, և մի շարք խախտումներ հայտնաբերվեցին։ Հայտնաբերվեցին տնտեսվարող սուբյեկտներ, որոնք սերտիֆիկատներ չունեին։ Մեր ստուգումներից հետո սերտիֆիկատ չունեցող որևէ տնտեսվարող սուբյեկտ չի շարունակել իր գործունեությունը», — Sputnik Արմենիային ասաց Խալիկյանը։
Նա ավելացրեց, որ հաջողվել է արդյունքի հասնել նաև ԶԼՄ-ների շնորհիվ, որոնք լուսաբանել են այս խնդիրը։
Միևնույն ժամանակ Խալիկյանը նշեց, որ յուրաքանչյուր երկիր ապրանքի վտանգավորության իր չափորոշիչներն ու հասկացություններն ունի։
«Օրինակ` ԱՄՆ-ում ամենացանկալի խաղալիքը բարբի տիկնիկն է, այն դեպքում, որ ուրիշ երկրներում այն պարզապես արգելված է, քանի որ վտանգավոր արտադրանք է համարվում… ԵԱՏՀ կազմի մեջ մտնող բոլոր հինգ երկրները պետք է իրենց ստուգումներն իրականացնեն կոնկրետ տեխնիկական կանոնակարգի համաձայն։ Այդ պահանջների շրջանակում ստուգում անցած արտադրանքն է միայն անվտանգ համարվում Հայաստանի համար», — ավելացրեց նա։
Խալիկյանի կարծիքով` սպառողը պետք է հասկանա, որ հենց ինքն է իր իրավունքների և առողջության պաշտպանը։
«Պետք չէ ամաչել սերտիֆիկատ պահանջելուց։ Եթե վաճառողը սերտիֆիկատ չի տրամադրել, ապա մեզ դիմեք», — նշեց նա։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի անցկացրած ուսումնասիրության արդյունքների համաձայն` քաղաքացիները, հիմնականում, խաղալիքներ ձեռք են բերում ոչ մասնագիտացված խանութներում։ Այն հարցին, թե «Հիմնականում որտեղից եք խաղալիքներ գնում», հարցվածների 56%-ը պատասխանել է. «Խաղալիքներ վաճառող մոտակա խանութից», 26%-ը` «խաղալիքների մասնագիտացված խանութներից», 12%-ը` «մեծածախ շուկայում», 8%-ը` այլ։
«Գիտե՞ք, թե խաղալիքներն ինչ վնաս կարող են հասցնել առողջությանը» հարցին քաղաքացիների 61%-ը պատասխանել է «այո», 39%-ը` «ոչ»։
Հարցվածները հիմնականում նշել են թունաքիմիական պարունակությունը, բարձր էլեկտրականությունը, վարակիչ հիվանդությունների պատճառը, հոգեբանական հիվանդությունների առաջացումը, մանր դետալների պարունակությունը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ այդ ոլորտում խնդիրներ կան, որոնց ուղղությամբ աշխատել է պետք։
Սակայն կա նաև մեկ այլ խնդիր. գործարարները չեն վստահում սերտիֆիկատներ տրամադրող ընկերություններին։ Այսինքն շատերը սերտիֆիկատի բացակայությունը բացատրում են հենց այն հանգամանքով, որ այդ կազմակերպությունները վստահություն չեն ներշնչում։
«Խնդիրը լուծելիս պետք է հաշվի առնել մի կողմից գործարարների շահերը, մյուս կողմից սերտիֆիկացումով զբաղվող լաբորատորիաների։ Սակայն մեկ այլ կողմից էլ պետք է հաշվի առնվի հասարակական և պետական վերահսկողությունը։ Բայց խնդիրն ինքնին գլոբալ է… Հայաստանի փոքր խանութներում հիմնականում սերտիֆիկատներ չկան, քանի որ նրանք ներկրողը չեն», — ավելացրեց փորձագետը։
Պիպոյանի խոսքով` վաճառողը զարմանում է, երբ սերտիֆիկատ ես պահանջում, և նշում, որ այլ կազմակերպություն է ներկրել խաղալիքները։ Սակայն այս պարագայում անհրաժեշտ է, որ նրանք էլ իրենց հերթին ապրանքը գնելիս սերտիֆիկատ պահանջեն։