ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ապագան կրկին հարցականի տակ է։ Այս մասին գրում է բրիտանական HITC-ը։
2016-17 խաղաշրջանում Մխիթարյանը սկզբում այնքան էլ չտպավորեց իր խաղով, բայց հետո Մոուրինյուին ապացուցեց, որ արժանի է թիմի կազմում տեղ ունենալուն։ Շատերը համարում էին, որ հաջորդ խաղաշրջանում նրա բենեֆիսն է լինելու։ Եվ իսկապես, առաջին երեք խաղում նա 5 փոխանցում արեց, բայց հետո կտրուկ նահանջեց։ Վերջին 12 խաղում` ոչ մի փոխանցում և երկու գոլ։
Արդյունքում «Նյուքասլի» հետ հանդիպման ժամանակ Մոուրինյուն նրան դուրս չբերեց խաղադաշտ։
Ըստ պարբերականի` «Մանչեսթերի» երկրպագուներից շատերը կարծում են, որ թիմը 2018 թվականին պետք է ազատվի Մխիթարյանից, բայց կա մի թիմ, որը պետք է հետաքրքրվի Մխիթարյանով։ Խոսքը «Տոտենհեմի» մասին է։
2016-ին՝ Մխիթարյանի «ՄՅՈւ» տեղափոխվելուց առաջ, «Տոտենհեմը» մտադրություն էր հայտնել ձեռք բերել նրան՝ Դորտմունդի «Բորուսիայում» 2015-2016 թվականների մրցաշրջանում 11 գոլ խփելուց և 15 գոլային փոխանցում իրականացնելուց հետո:
«Գուցե Յունայթեդը չցանկանա Մխիթարյանին տալ մրցակցին, եթե անգամ որոշի նրան վաճառել։ Բայց «կարմիր սատանաները» հետաքրքրվում են «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզով, նշանակում է` կարող են հաշվի առնել հնարավոր փոխարինումը»,- գրում է պարբերականը։
Մխիթարյանին Ռոուզով փոխարինելու համար «Մանչեսթերը» ստիպված կլինի հավելավճար տալ։